Ուշադրություն և հիշողություն

Ուշադրություն ասելով հասկանում ենք մարդու կենտրոնացում, խոսքի ընկալում:

Ուշադրության տեսակներն են արտաքին,ներքին, կամածին, ոչ կամածին և հետկամածին ուշադրության տեսակներ։

Արտաքին ուշադրություն— օրինակ` հանդիսատեսը թատրոնում ուշադիր դիտում է դերասանի խաղը:
Ներքին ուշադրություն— օրինակ` երբ մարդը մտածում է, խորհում է իր ծրագրերի անելիքների մասին:
Ոչ կամածին ուշադրություն—Ոչ կամածին ուշադրությունը համարվում է ուշադրության առավել պարզ, պասիվ տեսակ, քանի որ ծագում է անկախ մարդու գիտակցությունից։ Այն ավելի շատ կախված է մեզ վրա ազդող գրգռիչներից, քան ինքներս մեզնից։ Ոչ կամածին ուշադրության ծագումը կախված է մի շարք պատճառներից՝ ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական, հոգեկան։ Օրինակ` դասի ժամանակ բոլորը նստած դաս են լսում, հանկարծ այդ պահին դասարանից դուրս լսվում է բարձր ձայներ: Այդ ժամանակ բոլորի ուշադրությունը շեղվում է դասից դուրս:
Կամածին ուշադրություն—  Մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային։Այն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը կարող է կամային կերպով կենտրոնացնել իր ուշադրությունը մեկ, ապա ուրիշ օբյեկտի վրա։ Մենք կարող ենք գիտակցականորեն ուշադրություն դարձնել նույնիսկ այն ամենին, ինչը մեզ հետաքրքիր չէ։ Կամածին ուշադրության գլխավոր ֆունկցիան հոգեկան գործընթացների ակտիվ կարգավորումն է։ Օրինակ` երբ վիրաբույժը կատարում է վիրահատություն կամ վարորդը մեքենա է վարում:
Հետկամածին ուշադրություն— Գոյություն ունի նաև ուշադրության մեկ այլ տեսակ, որը կրում է նպատակաուղղված բնույթ և ձևավորվում է գործունեության մեջ ներառվելուց հետո՝ սկզբում պահանջելով կամային ջանքեր, իսկ հետո՝ հետաքրքրության առաջացման հետ, դրանք ինքնըստինքյան անհետանում են. արդյունքում երկար ժամանակահատվածի ընթացքում պահպանվում է նպատակաուղղվածությունը, լարվածությունը թուլանում է, և մարդը չի հոգնում, չնայած, որ հետկամածին ուշադրությունը կարող է ժամեր տևել։ Այն համարվում է ուշադրության ամենաերկարատև և արդյունավետ տեսակը։

Ուշադրությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք բնութագրում են այն որպես ինքնուրույն հոգեկան գործընթաց։

Կենտրոնացվածություն

Բնութագրվում է գործունեության օբյեկտի վրա դրա կենտրոնացվածության ինտենսիվությամբ կամ աստիճանով։ Ինչքան քիչ է ուշադրության օբյեկտների քանակը, ինչպես նաև ընկալման մակերեսը, այնքան կենտրոնացված է ուշադրությունը։ Այն ապահովում է ուսումնասիրվող օբյեկտների և երևույթների խորին ուսումնասիրում։

Ծավալ

Ազդակների և զուգորդությունների այն քանակն է, որը միաժամանակ պահպանվում է պարզ գիտակցության սահմաններում։ Հայտնի է, որ մարդը չի կարող միաժամանակ մտածել տարբեր բաների մասին և կատարել տարբեր աշխատանքներ։ Այս սահմանափակումը ստիպում է դրսից եկող տեղեկատվությունը բաժանել մասերի, որոնք չեն գերազանցում վերամշակման համակարգի հնարավորությունը։

Տեղափոխելիություն

Ուշադրության իմաստավորված տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին. որոշակի դիրքորոշումներից արագ անջատվելու և նորերին՝ փոփոխված պայմաններին համապատասխանողներին, անցնելու կարողություն։ Ընդհանուր առմամբ, ուշադրության տեղափոխումը նշանակում է բարդ, փոփոխվող իրավիճակում կողմնորոշվելու ընդունակություն։ Տեղափոխելիության հեշտությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ և կախված է մի շարք պայմաններից՝ ամենից առաջ նախորդող և հաջորդող գործողությունների հարաբերակցությունից և դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սուբյեկտի վերաբերմունքից։ Որքան հետաքրքիր է գործունեությունը, այնքան ավելի հեշտ է ուշադրությունը տեղափոխել դրա վրա։

Բաշխվածություն

Ուշադրության բաշխումը մարդու ընդունակություն է՝ միաժամանակ կատարելու մի քանի տեսակի գործողություններ։ Սերտ կապված է դրա ծավալի հետ, սակայն այս դեպքում խոսքը գնում է ոչ թե մեկ, այլ երկու և ավելի օբյեկտների վրա ուշադրության կենտրոնացվածության մասին։

Ինչպես ցույց է տալիս կենսափորձը, մարդը կարող է միաժամանակ կատարել միայն մեկ տեսակի հոգեկան գործունեություն, իսկ մի քանի տեսակի գործողությունների կատարման միաժամանակության սուբյեկտիվ զգացողությունն առաջանում է մի տեսակի գործողությունից մյուսին արագ, հաջորդական անցման արդյունքում։ Վիլհելմ Վունդտն ապացուցել է, որ մարդը չի կարող կենտրոնանալ երկու՝ միաժամանակ ներկայացվող գրգռիչների վրա։ Սակայն երբեմն մարդն ընդունակ է միաժամանակ կատարել երկու տեսակի գործողություն, սակայն, իրականում, դրանցից մեկը պետք է լիովին ավտոմատացված լինի և ուշադրություն չպահանջի։ Հակառակ դեպքում, այդպիսի գործունեությունը անհամատեղելի է։

Ցրվածություն

Ուշադրության ցրվածությունը նրա ոչ կամածին տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին։ Այն առաջանում է մարդու վրա կողմնակի գրգռիչների ազդեցության արդյունքում, երբ նա զբաղված է ինչ-որ գործունեությամբ։ Ցրվածությունը կարող է լինել արտաքին կամ ներքին։ Արտաքին ցրվածությունն առաջանում է արտաքին գրհռիչների ազդեցությամբ.ավելի շատ դրան նպաստում են առարկաներն ու երևույթները, որոնք հայտնվում են հանկարծակի և գործում փոփոխական ուժով և հաճախականությամբ։

Ներքին ցրվածությունն առաջանում է ուժեղ ապրումների, կողմնակի հույզերի, աշխատանքի հետ կապված պատասխանատվության զարգացման և դրա հանդեպ հետաքրքրության բացակայության ազդեցության տակ։

Պետք է նշել, որ ցրվածություն անվանում են երկու տեսակի երևույթներ. առաջինը ցրվածություն է անվանվում աշխատանքի մեջ չափից ավելի խորացման արդյունքը, երբ մարդը ոչինչ չի նկատում իր շրջապատում։ Այս տեսակն ընդունված է անվանել կարծեցյալ ցրվածություն, քանի որ առաջանում է որևէ գործունեության վրա կենտրոնացման արդյունքում։

Ցրվածության այլ տեսակ է դիտվում այն դեպքում, երբ մարդն ի վիճակի չէ ոչ մի բանի վրա երկար կենտրոնանալու, երբ նա մշտապես անցում է կատարում մի օբյեկտից մյուսին՝ ոչ մի բանի վրա չպահպանելով իր կենտրոնացումը։

Հիշողություն

Հիշողությունը կենտրոնական նյարդային համակարգի գործառույթներից է, երբ արտաքին աշխարհից ու ներքին միջավայրից ընկալված երևույթները, տպավորությունները պահպանվում են նյարդային բջիջների կառուցվածքներում և անհրաժեշտության դեպքում վերարտադրվում են ու կիրառվում: Հիշողությունը հատուկ է մարդուն և զարգացած նյարդային համակարգ ունեցող որոշ կենդանիների: 
Հիշողության ուսումնասիրությամբ զբաղվել են շատ վաղուց, երբ մարդը սկսել է կռահել, որ ընդունակ է հիշելու և պահպանելու տեղեկույթը: Հիշողությունը միշտ կապվել է ուսուցման (տեղեկույթի կուտակման) գործընթացի հետ, իսկ հիշողությունը բացատրելու փորձերը համընկնում են պատմական յուրաքանչյուր ժամանակահատվածում տեղեկույթի պահպանման հայտնի եղանակների հետ:
Տարբերում են հիշողության 4 տեսակ. շարժողական, որը կապված է շարժումների մտապահման և վերարտադրման հետ, պատկերավոր, որի ոլորտն առարկաների, երևույթների և դրանց հատկությունների զգայական պատկերների մտապահումն է (տեղեկույթն ընկալող վերլուծիչի տեսակից կախված՝ պատկերավոր հիշողությունը լինում է տեսողական, լսողական, շոշափական և այլն), խոսքատրամաբանական, որը բնորոշ է միայն մարդուն և կապված է մտքերի, հասկացությունների, հետևությունների մտապահման, ճանաչման ու վերարտադրման հետ (հիշողության այս տեսակի համար կարևոր է ուսուցումը), հուզական, որը զգայական ընկալումների և դրանք առաջացնող օբյեկտների մտապահումն է ու վերարտադրումը:
Անհատական հիշողության մեջ առանձնացնում են կարճատև (կամ օպերատիվ) և երկարատև հիշողությունները: Այդպիսի տարբերակման անհրաժեշտությունն զգացվում է հիշողության խանգարումներով, օրինակ՝ անհիշությամբ (ամնեզիա), հիվանդների վրա կատարած դիտարկումների ժամանակ: Օրինակ՝ գլխուղեղի ցնցման դեպքում հիշողությունից երբեմն անհետանում են վնասվածքին անմիջապես նախորդած իրադարձությունները՝ հետընթաց (ռետրոգրադ) անհիշություն, իսկ ծերունական անհիշության դեպքում շատ լավ հիշում են վաղ մանկության տարիներին տեղի ունեցած դեպքերը, բայց չեն հիշում 10 րոպե առաջ կատարվածները: Կարճատև հիշողության դեպքում տեղեկությունները մտապահվում են մոտ 30 րոպե, որից հետո դրանք վերածվում են երկարատև հիշողության կամ մոռացվում են: Երկարատև հիշողությունը պահպանվում է կենդանի էակի ողջ կյանքի ընթացքում: Ապացուցված է, որ հիշողության նշված ձևը կապված է գլխուղեղի հատուկ գոյացության՝ ջրաձիու գալարի (հիպոկամպ) գործունեության հետ: 
Անհատական հիշողության վրա ազդում են բազմաթիվ գործոններ, իսկ մտապահման (նաև մոռացության) ունակությունը պայմանավորված է ժառանգականությամբ, մտավոր մարզվածության աստիճանով, հուզական ոլորտի վիճակով, սննդի, աշխատանքի և հանգստի ռեժիմներով:
Տարբերում են նաև տեսակային կամ գենետիկական հիշողությունը, որը պայմանավորում է ժառանգվող հատկանիշների փոխանցումը սերնդից սերունդ:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑