Կոնֆլիկտների հոգեբանական բնութագիրը

Կոնֆլիկտի դիտարկումը, որպես սոցիալ-հոգեբանական գործընթացների ամբողջություն, թույլ է տալիս հասկանալ կոնֆլիկտի բովանդակային կարևորագույն ասպեկտներից  մեկը:   Այդտեղ կարևոր է ընդունել այն հանգամանքը, որ մարդը գտնվում է ինֆորմացիոն դաշտում, որտեղից նա կարող է ստանալ բազմապիսի ու բազմաբնույթ ինֆորմացիա: Անձին հատկապես դժվար է լինում կողմնորոշվել սոցիալական իրականության մեջ այն ժամանակ, երբ միևնույն երևույթի մասին ստացված տեղեկատվությունը հակասական է լինում: Այս իրավիճակը մարդու մոտ ֆրուստրացիա է առաջացնում և կարող է հասցնել սթրեսային իրավիճակի: Ֆրուստրացիայի հետևանքները իրենց հերթին կարող են ծնել ագրեսիա: Նման իրավիճակում մարդը չի կարող երկար գոյատևել: Այդ նպատակով մարդը մշակում է կենսագործունեության այնպիսի քայլեր, որոնք կանխարգելում են հոգեբանական բացասական հետևանքները:

Կոնֆլիկտի կարգավորումը անհրաժեշտ է սկսել կոնֆլիկտի մասնակիցների մոտ կոնֆլիկտի գիտակցման և ընկալման փոփոխությունից, կոնֆլիկտի կարգավորման հնարավոր ուղիների նկատմամբ նրանց փոխադարձ պատկերացումներից: Որքան էլ կոնֆլիկտի կողմերի կողմից իրականության և կոնֆլիկտի պատճառների ընկալումները չհամապատասխանեն իրականության հետ, դրանք պետք է հաշվի առնել: Կոնֆլիկտային իրավիճակում կողմերը ձեռնարկում են այս կամ այն գործողությունները, ընտրում են խնդրի լուծման ուժային կամ խաղաղ ուղիներ, ոչ թե ելնելով իրենց միջև «օբյեկտիվ» հակասությունների առկայությունից, այլ  իրավիճակի իրենց ընկալումից ու գնահատականից: Սակայն իրենք`կողմերը, քիչ ուշադրություն են դարձնում ընկալումների տարբերության փաստին`փորձելով ապացուցել իրենց սեփական տեսակետի ճշտությունը, դրա համապատասխանությունը իրավիճակի օբյեկտիվ բնութագրիչներին:

Ինքնին  հակասությունների առկայությունը ոչ միշտ է տանում կոնֆլիկտի: Կոնֆլիկտի զարգացման համար կողմերը պետք է գիտակցեն, որ իրենց շահերը և նպատակները անհամատեղելի են, ինչպես նաև ունենան կողմնորոշվածություն դեպի հակասությունների լուծման կոնֆլիկտային ուղիները: Ավելին, օբյեկտիվորեն կողմերի նպատակները և շահերը կարող են չհակասել, բայց եթե դրանք ընկալվում են որպես փոխբացառող, ապա դա կարող է իր հետ բերել կոնֆլիկտի ծագման հավանակություն: Այսպիսով կոնֆլիկտը կարելի է սահմանել նաև որպես ընկալվող շահերի կոնֆլիկտ` հաշվի առնելով այն, որ ցանկացած դեպքում կոնֆլիկտում կողմերը միմյանց շահերը ընդունոմ են որպես փոխհակասող` անկախ այն բանից, թե ինչպիսին են դրանք իրականում:

Նույն կերպ կոնֆլիկտի մասնակիցները կարող են ունենալ շահերի խորը օբյեկտիվ տարբերություններ, բայց, այնուամենայինիվ, չընդունեն, որ այդպիսիք գոյություն ունեն և գործեն` առաջնորդվելով  իրականության նկատմամբ սեփական հայացքներով` խուսափելով ակնհայտ առճակատումից: Գործնականում կարող է պատահել նաև այնպես, որ շահերի իրական կոնֆլիկտը նաև մերժվի, իսկ իրականում գոյություն չունեցող կոնֆլիկտը ընկալվի որպես իրական կոնֆլիկտ: Իր ծայրահեղ արտահայտության մեջ իրականության և դրա ընկալման անհամապատասխանությունը կարող է ոչ միայն ծնել կոնֆլիկտներ, այլև ստեղծել բազմաթիվ դժվարություններ դրանց կարգավորման հարցում:

Եթե մինչ կոնֆլիկտը կողմերի միջև ձևավորված են եղել բարեկամական հարաբերություններ, ապա կոնֆլիտի սրումը նախկին դրական կերպարները կտրուկ փոխակերպում են կողմերի բացասական կերպարների:

Պարզ է դառնում, որ կոնֆլիկտի հետագա զարգացումից խուսափելու և հակասությունների կարգավորման խաղաղ միջոցների ընտրության համար շատ կարևոր է փոխել կոնֆլիկտող կողմերի ընկալումները: Սակայն միևնույն ժամանակ պետք է ընդունել նաև, որ ընկալումների, հատկապես ստերեոտիպային ընկալման փոփոխումը բարդ գործընթաց է և պահանջում է երկար ժամանակ և ջանքեր:

Оставьте комментарий

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com.

Вверх ↑