Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգ

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

Կառավարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կառավարությունը մշակում և իրականացնում է Հանրապետության Նախագահի հետ համատեղ։

Կառավարության լիազորությունները

Կառավարության իրավասությանն են ենթակա պետական կառավարման բոլոր այն հարցերը, որոնք օրենքով վերապահված չեն այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։

Կառավարության կառուցվածքը կառավարության առաջարկությամբ սահմանվում է օրենքով։ Կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը վարչապետի ներկայացմամբ սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով։

Կառավարությունը՝

1) Սահմանադրության 74-րդ հոդվածով նախատեսված կարգով Ազգային ժողովի հավանությանն է ներկայացնում իր ծրագիրը.

2) Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում պետական բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը, որի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Ազգային ժողով.

3) կառավարում է պետական սեփականությունը.

4) իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականությունը.

4.1) իրականացնում է տարածքային զարգացման պետական քաղաքականությունը.

5) իրականացնում է պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում.

6) ապահովում է Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը.

7) ապահովում է հասարակական կարգի պահպանությունը, միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման ուղղությամբ.

8) իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ գործառույթներ և լիազորություններ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑