Հայ-մոնղոլական դաշինքը և դրա նշանակությունը Կիլիկյան Հայաստանի համար

Հայ-մոնղոլական դաշինք, կնքվել է Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի և մեծ խան Մանգուի (Մունքե) միջև, մոնղոլների տերության կենտրոն Ղարաղորում (Կարակորում) քաղաքում 1254 թ-ին։ Մոնղոլական կողմը երաշխավորել է Կիլիկյան Հայաստանի անկախությունն ու սահմանների անխախտությունը, պարտավորվել Կիլիկյան Հայաստանին օգնել Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների դեմ պայքարում, Կիլիկիային միացնել օտարների զավթած մերձակա հայկական հողերը, չափավորել մայր Հայաստանից գանձվող հարկերը, հայերին ազատ առևտրի իրավունք արտոնել մոնղոլական տերության մեջ։ Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին՝ Հյուսիսային Միջագետք, Ասորիք ու Պաղեստին արշավելու ժամանակ։ Հայ-մոնղոլական դաշինքը սկզբնական շրջանում դրական նշանակություն է ունեցել իսլամադավան իշխանությունների դեմ Կիլիկյան Հայաստանի պայքարում, ամրապնդել է նրա միջազգային դիրքը, նպաստել երկրի տնտեսական վերելքին։ Սակայն XIII դարի վերջին (հատկապես մոնղոլների իսլամ ընդունելուց հետո) հայ-մոնղոլական դաշինքը կորցրել է իր նախկին նշանակությունը, իսկ 1307-ին, երբ մոնղոլները դավադրաբար սպանել են Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Դ-ին և նրա 40 իշխաններին, հայ-մոնղոլական դաշինքը փաստորեն դադարել է գոյություն ունենալ։

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑