Ես եմ

Ողջույն։ Ես Ռիման եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2019-2020թթ. ուստարվա շրջանավարտ։ Կրթահամալիրում սովորում եմ սկսած 10-րդ դասարանից։ Շատ հպարտ և ուրախ եմ, որ հենց այս ավագ դպրոցն եմ ընտրել։ Դպրոցում սովորելու առաջին օրերին ես դեռևս չէի պատկերացնում՝ ի՞նչ է ինձ սպասվում, շփոթված էի ու փոքր-ինչ լարված։ Սակայն ժամանակի ընթացքում ներգրավվելով դպրոցի անմիջական ու ջերմ մթնոլորտ՝ սկսեցի դրական փոփոխություններ նկատել իմ մեջ․ դարձա ավելի համարձակ ու ազատ։ Ասեմ, որ ունեմ շատ նախասիրություններ։ Սիրում եմ երգել, պարել, լեզուներ ուսումնասիրել, զբաղվել ընթերցանությամբ, սպորտով, ինչպես նաև հետաքրքիր ու բազմաժանր ֆիլմեր դիտել։ Եվ հիմա բոլորովին անկեղծ ու ազնվորեն կարող եմ ասել, որ այս երեք ուսումնական տարվա ընթացքում իմ նախասիրությունների շրջանակն ավելի ընդլայնվեց, զարգացավ ու կատարելագործվեց։ Կրթահամալիրում ես ոչ միայն ծանոթացա, այլև անմիջական մասնակցություն ունեցա մեր ազգային երգ ու պարին, ավանդույթներին, տոներին ու սովորույթերին, ուսումնասիրեցի լեզուներ՝ անգլերեն, իսպաներեն, ամրապնդեցի և խորացրեցի իմ ունեցած գիտելիքը հայոց և ռուսաց լեզուներից՝ իրագործելով թարգմանական նախագծեր: Բազում գրքեր կարդացի ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան գրականությունից։ Ինչ վերաբերում է մասնագիտությանս, ապա կարող եմ ասել, որ այդ հարցում էլ կրթահամակիրն իր մեծ ներդրումն ունի։ Ընտրել եմ ծրագրավորողի մասնագիտությունը։ Ցանկանում եմ հմուտ ու նախաձեռնող ծրագրավորող դառնալ, որի համար դեռ ճանապարհ ունեմ անցնելու։ Նախ պիտի ընդունվեմ ԵՊՀ-ի Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժինը, ինչի համար ջանք չեմ խնայում՝ պարապելով դրա համար անհրաժեշտ առարկաները։ Պիտի նշեմ, որ կրթահամալիր ոտք դնելու հենց առաջին պահից դպրոցի տնօրինությունն ու մեր կազմակերպիչն ինձ ճիշտ խորհուրդ և ուղղություն ցույց տվեցին՝ մասնագիտությանս հետ անմիջականորեն կապված առարկաներ ու համապատասխան ծրագիր ընտրելու հարցում։ Առանձնահատուկ ուզում եմ նշել ՏՏ առարկայի, ծրագրավորման դասընթացներին իմ մասնակցության մասին, որոնք ինձ շատ օգնեցին։ Եվ այսօր ես առավել քան համոզված եմ, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել ինձ համար։ Կրթահամալիրում սովորելու տարիներն ինձ շատ բան տվեցին։ Հնարավորություն ընձեռեցին վստահել ուժերիս ու կարողություններիս։ Ճիշտ է, իմ մեջ դեռևս կան բաներ, որ շատ են խանգարում որոշ իրավիճակներում ինձ ճիշտ և համապատասխան դրսևորելիս և որոնցից ես անշուշտ կցանկանայի լիովին ազատվել, բայց հիմա վստահ կարող եմ ասել, որ կրթահամալիրն ինձ շատ է փոխել և օգնել։ Այստեղ ես նոր ձեռքբերումներ եմ ունեցել թե՛ գիտելիքների, և թե՛ ընկերների շրջանակում, ինչը, կարծում եմ, ինձ շատ կօգնի իմ հետագա քայլերում և ընդհանրապես կյանքում։ Ինձ հաջորդող շրջանավարտներին խորհուրդ կտայի լինել լավատես, երբեք չընկճվել ու չընկրկել ոչ մի հարցում, մշտապես ակտիվ մասնակցություն ցուցաբերել կրթահամալիրի տարբեր նախագծերում ու ճամփորդություններում և, որ ամենակարևորն է՝ լինել նպատակասլաց։ Համոզված եմ, ցանկության դեպքում կարելի է հասնել ամեն ինչի։ Բոլորին մաղթում եմ հաջողություն։

Իսկ այս ամենը կմնա իմ հիշողության մեջ…

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑