Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ: Նադեր Էբրահիմի

Մեծ բավականություն ստացա՝ կարդալով  Նադեր Էբրահիմի գրած այս գեղեցիկ ու տպավորիչ ստեղծագործությունը: Այն ինձ շատ հոգեհարազատ թվաց: Կարծես ինձ համար ու իմ մասին գրված լիներ: Համոզված եմ, որ այս հրաշալի պատմվածքը շատ բան է սովորեցնում մեզանից յուրաքանչյուրին: Համենայնդեպս ինքս շատ բան հասկացա հեղինակի խոսքերից:

Պատմվածքն իր բնույթով խորիմաստ է ու մեծ խորհուրդ ունի իր մեջ՝ <<Սիրո խորհուրդը>>:  Ստեղծագործության մեջ զգացվում են առակին ու հեքիաթին բնորոշ փոխաբերական իմաստով ներկայացված արտահայտությունները, որոնք յուրահատուկ շունչ ու երանգ են տալիս նրան: Եվ պատահական չէ, որ հեղինակն իր ստեղծագործության համար որպես գլխավոր հերոս է ընտրել մի փոքրիկ երեխայի ու նրա երևակայական պատկերացումների նկարագրությամբ մեզ հրամցրել իր ասելիքը: Այն, թե ինչերի է ընդունակ մեր այդքան փոքր, սակայն անսպառ ու անսահման սիրով լցված սիրտը: Սիրտ, որն ունակ է ընդունելու և պահելու իր մեջ ամեն ինչ, ցանկացած մարդու , երևույթի , առարկայի, բնության ու կենդանական աշխարհի բոլոր բարիքների: Կարծում եմ, այստեղ պետք է նաև անպայման նշեմ, որ պարտադիր չէ միայն հարազատ, մտերիմ, լավ ու արժանի մարդիկ տեղ ունենան քո սրտում: Համաձայն եմ, նրանք առաջնայինն ու կարևորագույնն են յուրաքանչյուրիս համար, սակայն շատ կարևոր են նաև մեղա եկած և իրենց արարքների համար զղջացող վատ մարդկանց ներելու ունակությունն ու նրանց համար ևս  սրտում տեղ հատկացնելու կարողությունը, որոնց  գլխավոր խթանիչ ուժը, իհարկե, Աստծո կողմից ի վերուստ բոլորիս շնորհված սերն է: Եթե մարդու սրտում սեր կա և այն, ինչպես մեզ ներկայացնում է հեղինակը հերոսի տատիկի խորհրդի միջոցով, երբեք դատարկ չէ , ապա չափ ու սահմաններ չունի, միշտ լի է բարությամբ, ներելու և ցանկացած բան իր մեջ տեղավորելու, ջերմ ու քնքուշ փայփայելու և պահպանելու կարողությամբ: Հակառակ դեպքում այն կնմանվի դատարկ ծաղկամանի, որը տգեղ է ու կարող է ցավ պատճառել մարդուն:

Оставьте комментарий

Блог на WordPress.com.

Вверх ↑