Ճամբարի ամփոփում՝դեպի «Նեղուցի վանք» ճամփորդությամբ

Ամառային մի գեղեցիկ ու հրաշալի օր էր՝ հունիսի 7-ը: Առավոտյան ժամը 9:00-ին մեր ճամբարի խմբով Մայր դպրոցի բակից դպրոցի ավտոբուսով ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզի Արզական գյուղ՝ այցելելու ճամփորդության նախօրեին միասին որոշած Նեղուցի վանք: Մինչ այդ նշեմ, որ քննարկելիս  ընկեր Վարդանն առաջարկել էր Նեղուցի վանքի մասին տեղեկություններ իմանալ, որպեսզի մեր այցելությունը ավելի նպատակային ու արդյունավետ լինի: Ես համացանցում տեղեկություններ գտա Նեղուցի վանքի մասին ու նկարներով տեսա այն, սակայն տեղեկություն կարդալն այլ բան է, սեփական աչքերով տեսնելն ու վանքի պատերը ձեռքով շոշափելը՝ այլ: Մի անբացատրելի ու աննկարագրելի զգացողութուն է համակում քեզ, երբ մտնում ես մի որևէ պատմականորեն հին, տվյալ դեպքում՝ 10-12-րդ դարերում կառուցված, սրբավայրը: Ինչևէ, շարունակեմ իմ պատումը… Ավտոբուսում միմյանց հետ շփվելով, զրուցելով ու խաղալով մենք չնկատեցինք, թե որքան ժամանակում հասանք Արզական գյուղ՝ մեր հետևում թողնելով նախ Առինջը, Պտղնին, Աբովյանը, ապա՝ Չարենցավանն ու Ալափարսը: Բայց պիտի ասեմ, որ անգամ ավտոբուսից մենք չկարողացանք անտարբեր լինել Ալափարսի ու Արզականի փարթամ ու գեղեցիկ բնության տեսարաններին: Այնտեղի բնությունն իրոք ուշագրավ ու հիանալի էր՝պատված խիտ ու թարմ սաղարթով: ԵՎ այդ հիացմունքը կրկնապատկվեց, երբ մենք իջանք ավտոբուսից ու միանգամից լիաթոք շնչեցինք այնտեղի սառն ու մաքուր օդը:

Մեր՝ քաղաքում ապրողներիս համար , միայն այդ մի քանի ժամվա մաքուր օդը ճաշակելն արդեն ամեն ինչ արժեր: Էլ չեմ խոսում քաղաքի աղմուկից ու փոշուց կտրվելու մասին: Ամեն ինչ հրաշալի էր ու հեքիաթային: Մենք գեղեցիկ լուսանկարներ արեցինք: Արզական գյուղի հյուսիս-արևմտյան բարձունքից մեզ արդեն դիմավորեց Նեղուցի վանքը: Մենք որոշեցինք ոտքով անցնել բարձունքն ու քայլելով բարձրացանք դեպի միջնադարյան այդ կառույցը, որ հպարտ կանգնած սպասում է իր այցելուներին: Մենք բավականին երկար քայլեցինք, բարձրացանք բարձունքներ, սակայն ոչ մի հոգնություն ու դժվարություն չնկատեցինք մեր ճանապարհին, քանի որ մեր շուրջն ամեն բան այնքան գրավիչ ու գեղեցիկ էր, եղանակն էլ հաճելի: Շուտով մենք կանգնած էինք Նեղուցի վանքի դիմաց: Մտանք վանք, ուսումնասիրեցինք վանքի ներսը, շրջեցինք վանքով մեկ: Վանքը կիսավեր էր ու հին, ինչպես արդեն նշել եմ 10-12-րդ դարերի կառույց էր: Ապա մենք  որոշ կիսավեր կառույցներ, անգամ ամբողջությամբ ավերված վանքի մնացորդներ  էլ ուսումնասիրեցինք: Փոքր-ինչ ամբողջական էր Ս.Աստվածածին եկեղեցին, 10-12-րդ դարերում կառուցված մյուս եկեղեցիներից գրեթե ոչինչ չի մնացել կամ, որպես միջնադարյան նշանավոր վանքի կենդանի վկաներ՝ մնացել են սյուներն ու հիմքերից որոշ մասունքներ:

Մեր կատարած ուսումնասիրություններից հետո մենք քայլքով իջանք Դալար գետակը, որի մոտակայքում մի տաղավար կար, իսկ քիչ այն կողմ նաև մանղալ: Մենք մաքրեցինք սեղանը, տեղավորվեցինք: Այդ ընթացքում մեր տղաները կարտոֆիլ խորովեցին և մենք միասին ախորժակով կերանք ու հանգստացանք: Ասեմ, որ ամեն ինչ ուղղակի հրաշալի էր: Գետակի քչքչոցը, թռչունների ծլվլոցն ու շրջապատող թարմ բուսականությունը այնպես էին մեզ գերել, որ չէինք ցանկանում հեռանալ այդտեղից:

Բայց արդեն վերադառնալու ժամանակն էր: Մենք դուրս եկանք անտառից և մինչև մեր ավտոբուսին հասանք, արդեն բոլորիս ջուրը վերջացել էր: Որոշեցինք մտնել հենց առաջին տունը և ջուր խնդրել: Այսեղ մեզ դիմավորեց տանտիրուհին՝ բարի և աշխատասեր մի կին, ով այդ ժամանակ կարագ էր պատրաստում: Մենք աղբյուրից ջուր խմեցինք ու մեր դատարկ տարաներն էլ լցրեցինք: Ապա իմացանք, որ այդ զուլալ ջուրը գալիս է հենց «Նեղուցի վանքի» բարձունքից: Մեր զարմանքն ու ուրախությունն ավելի մեծացավ, երբ տեսանք տանտիկնոջ թղսկան հավին իր ճուտիկներով: Պարզապես հրաշալի ու աննկարագրելի պահեր էին… Այդտեղից դուրս գալով՝ որոշեցինք մի քիչ էլ գյուղում քայլել, բայց շատ մարդ չտեսանք, երևի բոլորն զբաղված էին իրենց գյուղատնտեսական աշխատանքներով: Սակայն հանդիպեցինք մի տատիկի, ով մեզ որոշ տեղեկություններ պատմեց գյուղի կյանքի ու նիստուկացի մասին: Սուսան տատիկի հետ զրույցն ավարտելուց հետո մենք տեղավորվեցինք մեր ավտոբուսում և բարձր տրամադրությամբ, լի ջերմ ու վառ տպավորություններով վերադարձանք տուն: Այդ օրն ինձ համար շատ լավ ու հիշարժան էր, և այս համով ճամփորդությամբ ավարտվեց նաև մեր ճամբարը…

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s

Создайте бесплатный сайт или блог на WordPress.com. Тема: Baskerville 2, автор: Anders Noren.

Вверх ↑

%d такие блоггеры, как: